Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Երկխոսությունը ձեռնտու չէ միայն Քոչարյանին

Երկխոսությունը ձեռնտու չէ միայն Քոչարյանին
25.07.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Մեր իրականության մեջ այսօր ամենակարևոր, ամենաայժմեական խնդիրը, թերևս, երկխոսությունն է,- երեկ «Իրավունք de facto» ակումբում իր ելույթն այսպես սկսեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, ընդսմին շեշտելով, որ խոսքը ոչ թե երկու անձերի՝ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկխոսության մասին է, այլ՝ ընդդիմություն-իշխանություն ինստիտուտները ներկայացնող քաղաքական ուժերի, որոնց առաջնորդները, հենց թեկուզ ընտրությունների պաշտոնական արդյունքներով, առաջին և երրորդ նախագահներն են։
«Սա, եթե կուզեք, քաղաքագիտական պարզ այբուբեն է, և այն թեզը, որն առաջ քաշեց Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսում, ընդգծելով, թե ինքը պետք է երկխոսի ոչ թե ինչ-որ անհատների, այլ հասարակության հետ, անհասկանալի է ու չհիմնավորված՝ քաղաքագիտական տեսանկյունից։ Եթե իշխանությունն ընդունում է երկրում քաղաքացիական հասարակության առկայությունը և պատրաստ է հաշվի նստել այդ իրողության հետ, ապա նույն այդ հասարակության հետ մշտապես շփումների մեջ պետք է լինի, ինչը բնավ էլ երկխոսություն չէ, քանզի իշխանությունը պետք է սպասարկի հանրության շահերն ու սպասելիքները, բավարարի վերջինիս պահանջները։ Տվյալ դեպքում խոսքը սրա մասին չէ, այլ քաղաքական երկխոսության, որ պետք է կայանա իշխանությունների և ընդդիմության միջև՝ ի դեմս նրանց ներկայացուցիչների»,- պարզաբանեց քաղաքագետը, այն տեսակետը հնչեցնելով, որ այսօր մեզ պատուհասած ազգային պառակտումը հաղթահարելու ճանապարհին իշխանությունները մի կողմից ավելի արդյունավետ պետք է դարձնեն շփումները հասարակության հետ, ականջալուր լինեն տարբեր խավերի պահանջներին ու սպասումներին, մյուս կողմից առանց հապաղելու քաղաքական երկխոսություն սկսեն ընդդիմության հետ։
Այս ձևաչափով երկխոսությունը, ըստ բանախոսի, անխուսափելի է, և եթե մեր իշխանությունն ու ընդդիմությունն իրենց հոժար կամքով ընդառաջ չգնան այս անհրաժեշտությանը, ապա Հայաստանին պարզապես կպարտադրվի դա։ Ավելին, «Հայաստանի իշխանություններին քարշ տալով կբերեն ու կնստեցնեն երկխոսության սեղանի առջև, ինչպես դա եղավ Զիմբաբվեի դեպքում, երբ Ռոբերտ Մուգաբեին, որը համարվում է ավտորիտար ոճի բռնակալ-առաջնորդ, միջազգային հասարակական կարծիքն ու համաշխարհային քաղաքական ուժի կենտրոնները ստիպեցին երկխոսության գնալ ընդդիմության հետ»։
Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սերժ Սարգսյանին արջի ծառայություններ մատուցվեցին, և դրանք մատուցեց Ռոբերտ Քոչարյանը»,- իր իսկ հարցադրմանը այսպես պատասխանեց Հմայակ Հովհաննիսյանը, եզրահանգելով, թե Քոչարյանն արջի ծառայություն մատուցելու բոլոր նրբերանգներին փառահեղորեն տիրապետում է։ Հիշեցնելով, որ 98-ին նմանօրինակ ծառայություններ լուսահոգի Վազգեն Սարգսյանն ու «Երկրապահը» մատուցեցին հենց իրեն՝ Քոչարյանին, քաղաքագետն ասաց, թե Սերժ Սարգսյանին «մատուցվածն ավելի արջի է»։ «Ռոբերտ Քոչարյանն այսօր խոչընդոտում է երկխոսությանը՝ Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան ձևաչափով։ Ժամանակին Վազգեն Սարգսյանը ոչ միայն չխոչընդոտեց Կարեն Դեմիրճյան-Ռոբերտ Քոչարյան երկխոսությանը, այլև ամեն կերպ նպաստեց նրանց մերձեցմանը։ Չխոսենք հետևանքների մասին, որովհետև հետևանքը ողբերգական եղավ՝ հոկտեմբերի 27։ Գուցե հենց այդ հետևանքներն աչքի առաջ ունի Ռոբերտ Քոչարյանը, որ չի ցանկանում գնալ նույն ճանապարհով և խոչընդոտում է երկխոսությանը։ Իսկապես, շատ վտանգավոր է նպաստել թագավորների մերձեցմանը, ինչպես Մաքիավելին էր ասում։ Վտանգավոր է նպաստել նաև նրանց իշխանության ամրապնդմանը, քանզի թագավորները, որոնք պարտավորված են լինում որևէ մեկին, ուզում են նրանից ձերբազատվել։ Մեր պայմաններում լրիվ հակառակ ուղղությամբ է տրամադրված Ռոբերտ Քոչարյանը, որովհետև իր չկամությունը՝ լինելու արբիտրի դերում, երևաց դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ դեռ գործող, բայց արդեն իսկ իր գործունեությունն ավարտող-ամփոփող նախագահ էր, և տրամաբանական կլիներ, եթե ստանձներ հենց արբիտրի դերակատարություն, ոչ թե փորձեր ամեն կերպ ընդգծել իր «հայրական» հովանավորությունը Սերժ Սարգսյանին»,- շեշտեց Հմայակ Հովհաննիսյանը, լրագրողներին հիշեցնելով, որ քաղաքական դաշտում կրքերը հանդարտեցնող արբիտրի դերում պատրաստ էր հանդես գալ իր ղեկավարած քաղաքագետների միությունը դեռևս ընտրություններից առաջ, ինչի հնարավորությունը, ցավոք, չտրվեց։
Խոսելով դե յուրե հեռացած, բայց դե ֆակտո դեռ չհեռացող նախագահի քայլերի մասին՝ քաղաքագետն առավել քան անընդունելի համարեց դրանք, եզրակացնելով, որ իր պաշտոնավարման տասը տարիների մասին գիրք հրատարակած Քոչարյանը, փաստորեն, մեծ քաղաքականությունից հեռանալու մտադրություն բացարձակապես չունի։
«Այն ժամանակ, երբ ես պաշտպանում էի Կարեն Դեմիրճյանին, անընդհատ նշում էի, որ քաղաքական գործունեության մեջ ընդմիջում վերցնելը, մանավանդ նախկինում երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնած մարդու համար, չափազանց մեծ առաքինություն է,- ասաց քաղաքագետների միության նախագահը, նշելով, որ դա է ցույց տալիս նաև համաշխարհային քաղաքագիտության պատմությունը, դիցուք, Չերչիլի կամ դը Գոլի օրինակով։- Ստեղծված իրավիճակում տրամաբանական կլիներ սպասել, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես ընդմիջում կվերցնի, եթե ոչ տասը, գոնե հինգ տարով։ Ինչո՞ւ նա այդ ընդմիջումը չվերցրեց։ Գուցե իսկապե՞ս գիտակցում է՝ որքանով է ինքը մեղավոր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար, հասկանում է, որ դրանով իսկ իր անձը վտանգված է, և Հաագայի դատարանի ուրվականն էլ նրա մեջ ամենևին էլ հումոր չի առաջացնում, այլ շատ ավելի ծանր զգացումներ։ Գուցե պատճառն այն է, որ այնքան խորն էր տրամադրվել դառնալ վարչապետ, որին կից կլինի նախագահ Սերժ Սարգսյանը, և սեփական գիտակցության մեջ մտած այս ծրագի՞րն է մեղավոր, որ Քոչարյանը չի ուզում ընդմիջում վերցնել»,- ոչ այնքան հարցրեց, որքան իր իսկ հարցադրումը վավերացրեց ԱԺ նախկին պատգամավորը։
Քոչարյանի և Ելցինի միջև զուգահեռ անցկացնելով՝ Հովհաննիսյանը համոզված պնդեց, որ եթե իր վաղաժամկետ հրաժարականով Պուտինի համար քաղաքական տրամպլին ապահոված ՌԴ հանգուցյալ նախագահ Բորիսը լիարժեք բարոյական իրավունք ձեռք բերեց նախագահ Վլադիմիրի վարչախմբում պահելու իր կադրային «պակետը» ապա Ռոբերտը նույն իրավունքը բնավ չի վաստակել։
«Ի՞նչ բարոյական իրավունք ունի Ռոբերտ Քոչարյանը պահանջելու, որ, զորօրինակ, Արմեն Գևորգյանը լինի փոխվարչապետ։ Կամ մեկնաբանի՝ ճի՞շտ էր Գյուլին Հայաստան հրավիրելը, թե՞ սխալ՝ դաշնակցությանը հնարավորություն տալով անընդհատ վկայակոչել իր տեսակետը։ Իսկ ի՞նչ էր իրականում Քոչարյանի այդ հայտարարությունը. դա Հայաստանում երկաթյա ձեռքի իշխանություն արմատավորելու հայտ էր։ Այսինքն, եթե ես լինեի, երկաթյա ձեռքով կխեղդեի այսօրվա ընդդիմությանը։ Ո՞Ւմ էր ուղղված այս հայտը։ Նոմենկլատուրային։ Այն նոմենկլատուրային, որը միամտաբար կարծում է, թե Քոչարյանի շնորհիվ է այս տասը տարին այսքան հեշտ ու հանգիստ ապրել։ Մեր համբերատարության շնորհիվ է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի։ Նոմենկլատուրան այսօր մտածում է, որ Սերժ Սարգսյանն ապահով տանիք չէ իր համար, և այդ տրամադրությունների վրա հիմնվելու պատրաստակամություն էր ցուցաբերում Քոչարյանը, երբ հայտարարում էր, թե ինքը երկաթյա ձեռքով կխեղդի ընդդիմությանը, ոչ թե երկխոսության կգնա նրա հետ։ Այս հայտարարությունն ակնհայտ խոչընդոտ չէ՞ իշխանության և ընդդիմության միջև անհրաժեշտ երկխոսության կայացման ճանապարհին»։ Բանախոսը հընթացս մեսիջ հղեց երկրի նախագահին, որ քանի դեռ վերջինս չի ձերբազատվել քոչարյանական նոմենկլատուրայից, հատկապես Տեր-Պետրոսյանի մատնանշած հինգ բարձրաստիճան պաշտոնյաներից, չի լուծարել նախորդի «հագով կարած» խորհրդարանը, հանգիստ պաշտոնավարելու մասին կարող է չերազել։ «Հո իզուր չէ՞ր հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանին՝ վերանայել իր շրջապատը»,- հիշեցրեց քաղաքագետը։
Անդրադառնալով Քոչարյանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելու ընդդիմության նախաձեռնությանը՝ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե դա չարյաց փոքրագույնը կլիներ, իսկ չարյաց մեծագույնը նրա անպատժելիությունն է։ «Եթե այսօր Քոչարյանին ոչ ոք չանհանգստացնի, դա կստեղծի նախադեպ, որպեսզի տասը տարի, քսան տարի, հարյուր տարի հետո էլ այս նույն իրավիճակը կրկնվի,- ասաց նա։- Դրանով մենք մեր պետության ապագան ենք վտանգում և մեր սերունդների ապահովությունը։ Դրա իրավունքը մենք չունենք։ Եվ ստորագրահավաքն էլ միակ միջոցն է, որով կարող ենք մարտի 1-ի արյունը մաքրել մեր պետության ճակատից»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6899

Մեկնաբանություններ